«Մտադրությունների հուշագիրը» 1-2 տարով է լինում․ Փաշինյանը՝ ԱՄՆ-ում ստորագրածի մասին

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը շարունակում է հավատարիմ լինել հռչակված 5 սկզբունքներին ու դրանցից չի շեղվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքված «Մտադրությունների հուշագիրը» կնքվել է 1 տարի ժամկետով՝ 3 տարի երկարացնելու հնարավորությամբ։ Այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, որը հետաքրքրվել էր, թե ինչ ժամկետով է ի վերջո կնքվել հայտնի փաստաթուղթը։
Փաշինյանը բացատրեց՝ մտադրությունների հուշագրերն ընդհանրապես կնքվում են 1 կամ 2 տարով՝ 3 տարի երկարացնելու հնարավորությամբ, որովհետև այդ ժամկետում նախատեսվում է, որ մտադրությունը պետք է իրականություն դարձնել։
«Պատկերացրեք մտադրության հուշագիր, որն ունի 25 տարվա ժամկետ․ դա նշանակում է, որ այդ մտադրությունը երբեք էլ իրականություն չի դառնա։ Հենց ժանրը դրա համար է, որ կողմերն ասում են, որ այս 1 տարվա ընթացքում այդ հուշագիրը պետք է դառնա կոնկրետ նախագիծ, պայմանագիր, համաձայնություն, ներդրում։ Բա որ մտադրությունների հուշագիրը 50 տարով լինի, դա արդեն չմտադրությունների հուշագիր կլինի»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է դրա բովանդակությանը, Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անձեռնմխելիություն․ Ցանկացած բան, որ այս շրջանակի մեջ տեղավորվում է, հայկական կողմի համար քննարկելի է։
«Չեմ ասում՝ էս գլխից ընդունելի է, բայց մեծ հավանականությամբ՝ նաև ընդունելի է։ Ցանկացած բան, որ էս սահմանից դուրս է, անունն ինչ էլ լինի՝ անգամ «շնորհավոր, Ամանոր», բայց էս շրջանակից դուրս լինի, մեզ համար քննարկելի չէ։ Սա է մեր դիրքորոշումը, ու դա է ստորագրված փաստաթուղթը»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։