Եկեղեցին հարցը պետք է հրապարակայնորեն քննի․ Փաշինյանը՝ Հովհաննավանքի քահանայի մասին

Փաշինյանն առիթն օգտագործեց ևս մեկ անգամ հայտարարելու, թե պետք է ազատագրել մեր «սրբության սրբոցը պղծությունից»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցին պետք է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին առնչվող հարցը հրապակային քննության առարկա դարձնի։ Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանի հարցին։
Նա նշել էր, որ վերջին օրերին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը, հնարավոր է, կարգալույծ արվի, քանի որ նրա հարցը Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ քահանան հրապարակայնորեն, նաև սոցիալական ցանցի իր էջում քննադատել է եկեղեցում «առկա արատավոր երևույթները»։
«Տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ հենց նրա հրապարակումներում առկա հարցերի վերաբերյալ Մայր աթոռը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ, և եթե քննություն է տեղի ունենալու, թող այն տեղի ունենա հրապարակային, հնչեն հարցեր, պատասխաններ, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու հետևորդները թափանցիկ ձևով իմանան՝ ինչ է կատարվում, ով է ճիշտ ասում, ու ով է սխալ ասում»,- ասաց Փաշինյանը։
Նա իր աջակցությունը հայտնեց Տեր Արամին և այն հոգևորականներին, որոնք աջակցում են եկեղեցու խնդիրների հասեացագրման օրակարգին։ Հավելեց, թե իր ուժերի ներածին չափով կկանգնի բոլոր նման հոգևորականների կողքին։
Վարչապետն առիթն օգտագործեց ևս մեկ անգամ հայտարարելու, թե պետք է ազատագրել «մեր արժեքների էպիկենտրոնը, սրբության սրբոցը» պղծությունից, և ինքն էլ այդ պատասխանատվությունը ստանձնելու է։ Հավելեց, թե այն հոգևորականները, որոնք իսկապես ապրում են հոգևոր արժեքներով, լինելու են այս գործընթացի առաջամարտիկները։
Պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի հարցին, թե ինչպես ու երբ է վարչապետը պատկերացնում վեհարանի ազատագրումը՝ Փաշինյանը նշեց, թե հիմա կոնկրետ ժամկետների ու կազմակերպչական հարցերի քննարկման փուլում են։
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց վարչապետից՝ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանը, խոսելով Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի մասին, ասում է՝ նա ՀՀ խոսքի ազատության իրավունք ունի, և ինքն էլ պատրաստ է օրինական ճանապարհով պաշտպանել նրա իրավունքը։
«Բա ձեր կառավարության կազմում Ձեզ քննադատող, Ձեր կարծիքը չկիսող ՀՀ քաղաքացիները խոսքի ազատության իրավունք չունե՞ն, էդ որ ասում եք՝ «կառավարությունը ես եմ, ով համաձայն չէ, թող գնա, դիմում գրի, դուրս գա»։ Էս մի դրվագով Ձեր ժողովրդավարության դեմքն է երևում, ընդհանրապես Ձեր ստանդարտները»,- հարց ուղղեց պատգամավորը։
Դրան Փաշինյանը պատասխանեց՝ Սահմանադրությունից մեջբերելով 152-րդ հոդվածը, թե ինչ իրավասություններ ունեն վարչապետն ու կառավարությունը։