Բելգիան դեմ է ՌԴ–ի սառեցված ակտիվները բռնագրավելու գաղափարին

Բելգիան կարծում է, որ այդ քայլը ռիսկեր է ստեղծում եվրոյի նկատմամբ վստահության համար և կարող է խաթարել Եվրոպայի ֆինանսական շուկաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Բելգիան չի դիտարկում Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման հնարավորությունը՝ չնայած ԵՄ-ի կողմից ճնշմանը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն:
«Մեզ համար բռնագրավումը տարբերակ չէ... մենք հասկանում ենք, թե մեր նկատմամբ ճնշումն ինչու է ամեն օր աճում», - ասել է նա «Financial Times»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նման քայլը իրավական հիմք չունի, ռիսկեր է ստեղծում եվրոյի նկատմամբ վստահության համար և կարող է խաթարել Եվրոպայի ֆինանսական շուկաները: Բացի այդ, դա մտավախություններ կառաջացնի այն երկրներում, որոնք իրենց սուվերեն ակտիվները տեղաբաշխում են ԵՄ-ում։
Հիշեցնենք` ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Եվրամիությունը և «Մեծ յոթնյակի» երկրները սառեցրին Ռուսաստանի՝ շուրջ 300 միլիարդ եվրոյի արժութային պահուստները, որոնցից ավելի քան 200 միլիարդը գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական «Euroclear» համակարգում: 2025 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ԵՄ-ն այդ ակտիվներից ստացված եկամուտներից ավելի քան 10 մլրդ եվրո փոխանցել է Ուկրաինային։ Մոսկվան ի պատասխան սահմանափակել է արևմտյան ներդրողների հասանելիությունն իրենց ակտիվներին և սառեցումն անվանել գողություն՝ զգուշացնելով պատասխան «հայելային» միջոցների մասին: