ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ «Միջանցք» անունով որևէ բան գոյություն չունի։ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Խոսքը ճանապարհի մասին է։ Ո՛չ խաղաղության պայմանագրի տեքստում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա։ Ոչ մի միջանցք չի լինելու, ոչ մի բան զոռով չի լինելու»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով ԱԺ գալու պատճառներին՝ դեսպանը նշեց, որ եկել էր խորհրդարանական համագործակցության շրջանակում։ Նրա խոսքով՝ նախատեսվում է հյուպատոսական հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով ստեղծել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։