Ռուբինյանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը ներկայացրել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին

Աժ փոխխոսնակն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը ներկայացրել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեին։ Լուրը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Հանդիպումը կայացել է այսօր, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

«Իրանի ԱԳ փոխնախարարի խնդրանքով Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել»,– ասված է հաղորդագրությունում:

ԱԺ փոխխոսնակը խոսել է նաև հայ–իրանական հարաբերությունների կարևորության մասին։ Նա շեշտել է, որ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:
«Փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ համագործակցությունը»,- ասել է Ռուբինյանը:
Հիշեցնենք` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 7-ին հայտնեց, որ առաջիկա օրերին Հայաստանում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը, կքննարկվի ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ամբողջ օրակարգը` փակ սահմանի բացում և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատում։