ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով։ Այդ մասին հայտարարություն է տարածել խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ` «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,- տեղեկացնում է Աբրահամյանը։
Սեպտեմբերի 8–ին` ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին, ՔՊ–ական պատգամավոր Հովհաննիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Թագուհի Թովմասյանի հասցեին` ասելով. «Թող սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ 4 տունն իրեն որտեղից...»։
Դրանից հետո ընդդիմադիր կին պատգամավորները ՔՊ քարտուղարից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել։ Հովհաննիսյանի պահվածքը քննադատող հայտարարություններով են հանդես եկել տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչներ, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ «տականքն ուրիշ ձև չգիտի` կնոջ քաղաքական համարձակությանը պատասխանելու»։ Հովհհանիսյանը պահվածքը քննադատել է նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։