ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս» ընկերությունների նկատմամբ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար։ Այս մասին հայտնում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։
«Ընկերություններ նկատմամբ տուգանքը կիրառվել է ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել է գերիշխող դիրքի չարաշահման»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընդունված որոշմամբ հանձնաժողովը հանձնարարել է դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ը ՀԴՄ սպասարկման ծառայություններ ձեռք բերած տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը վերադարձնել կամ հաշվանցել վերջիններիս՝ հիմք ընդունելով որոշմամբ նախատեսված բանաձևը։
Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ Հայաստանում հսկիչ դրամարկղային մեքենաների սպասարկմամբ զբաղվում է 7 ընկերություն՝ «Աքսիա» ՍՊԸ, «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ, «Տոչ-Մաստեր» ՍՊԸ, «Իննթեք» ՍՊԸ, «Ֆյուչեր փեյմենթս սիսթեմս» ՍՊԸ, «Քյու տերմինալ» ՍՊԸ և «Դոկտեխնիկ» ՍՊԸ։ Ըստ ԶԼՄ–ների` այս ընկերությունների մեծ մասը այս կամ այն կերպ փոխկապակցված են։