ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար։ Նրա ու ևս 5 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ մի քանի անհայտ ձեռնարկատերեր Կադաստրի պետական կոմիտեի կողմից քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի և հողաշինարարի որակավորումներ են ստացել, որից հետո ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող ինքնակամ շինությունների տվյալները կեղծելու և ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ մուտքագրելու դիմաց քաղաքացուց ստացել են կաշառք։ Կաշառքի մի մասը փոխանցել են ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին՝ նման պայմաններում ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար։
Հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի: ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալու համար): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Կաշառք ստանալուն օժանադակելու և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ինչպես նաև խմբի կազմում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև 2 անհատ ձեռնարկատերերին: Նրանցից մեկի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացուն և կեղծ փաստաթղթեր պատրաստելուն օժանդակած անձանց:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: