ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելական օդուժը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա, երբ նրանք Կատարի մայրաքաղաք Դոհայում քննարկում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Գազայի հատվածում հրադադարի մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան շարժման անանուն աղբյուրը:
Իսրայելի պաշտպանության բանակն այսօր հայտարարել է «Կրակե գագաթ» գործողության մեկնարկի մասին և հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաներին: Ականատեսները ՌԻԱ Նովոստիին պատմել են Դոհայում ուժեղ պայթյունների շարքի մասին։ Israel Hayom թերթը նշել է, որ Դոհայում գտնվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հարվածելուց առաջ Իսրայելի իշխանությունները նախազգուշացրել են ԱՄՆ-ին և Կատարին:
«Իսրայելական հարվածների թիրախ են դարձել շարժման ղեկավարները, որոնք Դոհայում հանդիպել են Թրամփի զինադադարի առաջարկը քննարկելու համար», - հայտնել է հեռուստաալիքը:
Անցած հանգստյան օրերին Թրամփը սեփական Truth Social սոցիալական ցանցի միջոցով ՀԱՄԱՍ-ին կոչ էր արել ընդունել իր առաջարկած պայմանները՝ դա անվանելով «վերջին նախազգուշացում» և մերժման դեպքում սպառնալով լուրջ հետևանքներով: Նրա խոսքով` Իսրայելը համաձայնել էր իր պայմաններին։
Axios պորտալը սեպտեմբերի 7-ին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ՀԱՄԱՍ-ին նոր առաջարկ է ուղարկել Գազայում պատանդների ազատման և կրակի դադարեցման վերաբերյալ: Նույն օրը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ի պատասխան Միացյալ Նահանգների առաջարկների` համաձայնել է անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ռազմական գործողությունների դադարեցման հստակ հայտարարության և Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման դիմաց քննարկելու բոլոր պատանդների ազատ արձակումը: Շարժումը նաև համաձայնել է ձևավորել անկախ պաղեստինցիներից կազմված կոմիտե՝ Գազայի հատվածի կառավարման լիազորություններն անմիջապես այդ մարմնին փոխանցելու համար:
Տարածաշրջանային ԶԼՄ-ներում հակասական տեղեկություններ են տարածվում ՀԱՄԱՍ-ի՝ ռմբակոծության թիրախ դարձած առաջնորդների ճակատագրի մասին: Իսրայելը պաշտոնապես ստանձնել է Դոհայի բնակելի թաղամասերից մեկի վրա հարձակման պատասխանատվությունը, սակայն դեռևս հայտարարություն չի արել դրա արդյունքների մասին: