ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է արևային էլեկտրաէներգիայի համար ցերեկային արտոնյալ սակագներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին ԱԺ–ում հայտնեց հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:
Նրա խոսքով՝ հարցն արդեն քննարկվել է արևային կայանների սեփականատերերի և կառավարության հետ։ Զուգահեռ քննարկվում է արևային ինքնավար կայանների սեփականատերերին պարտավորեցնել տեղադրել մարտկոցներ, եթե նրանց կայանների հզորությունը գերազանցում է սպառումը։
«Շատերը մոնտաժում են շատ ավելի մեծ հզորությամբ կայաններ, քան իրենց անհրաժեշտ է, և դա էներգահամակարգի համար խնդիրներ է ստեղծում: Նախ խորհրդային էլեկտրացանցն ի սկզբանե նախատեսված չէր էլեկտրաէներգիայի երկկողմանի փոխանցման համար, իսկ հետադարձ փոխհոսքերի ծավալն այսօր էականորեն աճել է: Բացի այդ, օրվա ընթացքում արևի արտադրության ավելցուկը ստիպում է նվազեցնել արտադրությունն այլ կայաններում` ներառյալ ատոմակայանինը, ինչը ցանկալի չէ ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ տեխնիկապես: Մարտկոցները թույլ կտան հարթել այդ ռիսկերը»,– հայտարարեց Նռանյանը։
Նշենք, որ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է ավելի քան 43 հազար ինքնավար արևային կայան՝ շուրջ 550 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Բացի այդ, շահագործվում է 89 խոշոր (առևտրային) կայան, ևս 45–ը գտնվում են կառուցման փուլում։ Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 393 ՄՎտ, իսկ շինարարության ավարտից հետո կհասնի 617,7 ՄՎտ–ի։
Ստացվում է` արևային արտադրության մասնաբաժինը գերազանցել է 32 %–ը պլանային 31,2 %–ի դիմաց: