ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը՝ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8–ին՝ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին, Արթուր Հովհաննիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին՝ ասելով. «Թող սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ 4 տունը իրեն որտեղից...»։
Նույն օրն ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հղած պաշտոնական գրության մեջ նշել էր. «Պահանջում եմ, որ Հովհաննիսյանն ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն»։
Թագուհի Թովմասյանը բացատրել է, որ Արթուր Հովհաննիսյանի պահվածքն ԱԺ միջանցքում իր մոտ կասկածներ է հարուցել։ Ըստ նրա՝ սեպտեմբերի 4–ին ուղիղ եթերում Արթուր Հովհաննիսյանը խուլիգանական վարքագիծ է դրսևորել և խանգարել է իր ճեպազրույցը, երբ խոսում էր Բաքվի բանտերում խոշտանգվող գերիների մասին։