ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է ժամանակակից բուժսարքավորումներով համալրված կենտրոն՝ նախատեսված 100 մահճակալի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը ներկա է եղել բացման արարողությանը, ընդգծել է, որ նոր բժշկական հաստատության ստեղծումն արդարադատության նախարարության ռազմավարական խնդրի լուծումն է, որը ծառացած էր դեռ 2019 թվականից։ Նա նշել է, որ սա հնարավորություն է նոր որակի բժշկական ծառայություններ մատուցելու անազատության մեջ գտնվող անձանց համար։
Հիմնարկում պահվող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումն էլ նախատեսվում է կազմակերպել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:
Հիշեցնենք` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սեպտեմբերի 8-ին դիմեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին՝ նշելով, որ ՀՀ ՔԿՀ-ներում ահասարսուռ վիճակ է տիրում, ինչի պատճառով այս տարի արդեն 17-րդ մահն է գրանցվել։ Պատգամավորի խոսքով՝ ազատազրկվածները պատշաճ բուժօգնություն չեն ստանում, հաճախ, երբ նրանց բուժօգնության հերթը հասնում է, արդեն ուշ է լինում։