ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Վենեսուելայի նախագահ և ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլաս Մադուրոն հրամայել է 25 000 զինվոր տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին, ինչպես նաև հանրապետության Կարիբյան և Ատլանտյան օվկիանոսի ափերին։
Ինչպես նշել է Վենեսուելայի նախագահը Telegram–ի իր ալիքում, մոբիլիզացիայի հիմնական նպատակը ազգային ինքնիշխանության պաշտպանությունն է, երկրի անվտանգությունը և խաղաղության համար պայքարը։
Սեպտեմբերի 5-ին Մադուրոն հայտարարել է ավելի քան 8 մլն քաղաքացիների մոբիլիզացիայի մտադրության մասին։ Նրա խոսքով` նման նախաձեռնությունը պատասխան է ամերիկյան աճող ճնշմանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև հակամարտությունը սրվել է սեպտեմբերի սկզբից։ Սեպտեմբերի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական «Tren de Aragua» խմբավորման ներկայացուցիչներին հարվածելու մասին, որոնք իբր առնչություն ունեն թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկրի վրա հարձակվել են մտացածին պատրվակով՝ բնական հարստությունները զավթելու նպատակով։