ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ԲՐԻԿՍ-ի շրջանակներում ստեղծել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մեխանիզմ: Այս մասին հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Բրազիլիան` նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի նախաձեռնությամբ, այսօր անցկացրել է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտահերթ վիրտուալ գագաթնաժողով՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությունը:
«ԲՐԻԿՍ-ը կարող է մշակել ընդհանուր մեխանիզմ՝ իր անդամներին աջակցելու անօրինական միակողմանի պատժամիջոցների պայմաններում և շարունակելու տնտեսությունների զարգացումը՝ առանց անարդար քաղաքական ճնշման ենթարկվելու»- հայտարարել է Փեզեշքիանը:
Նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը պետք է դառնա միջազգային ֆինանսական ինստիտուտների, հատկապես ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի համալիր բարեփոխումների հարթակ: Փեզեշքիանի խոսքով՝ այդ միջազգային կազմակերպությունները պետք է արտացոլեն իրական գլոբալ տնտեսական միտումները և ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերեն երրորդ աշխարհի երկրների զարգացման նախագծերին:
«Զարգացման նոր բանկի (ԲՐԻԿՍ-ի– խմբ.) դերի և ներուժի ամրապնդումը նույնպես անհրաժեշտ քայլ է այդ ուղղությամբ։ ԲՐԻԿՍ-ի անդամ պետություններին առաջարկվում է բացի համաշխարհային ֆինանսական կառույցների բարեփոխումից դիտարկել անկախ վճարային համակարգերի ստեղծման գաղափարը: Այս նախագիծը կարող է նվազեցնել մի շարք համաշխարհային արժույթների տիրապետող դիրքերը», - հավելել է Փեզեշքիանը։
Բացի այդ, Իրանի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել ճգնաժամային իրավիճակներում ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների հավասար հասանելիությունը մի շարք ապրանքների, օրինակ՝ պատվաստանյութերի և բժշկական սարքավորումների նկատմամբ:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ից կառույցին անդամակցում է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը։ 2024 թվականից ԲՐԻԿՍ-ին են միացել մի շարք այլ երկրներ։