Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու նպատակներ ունեմ. Էլինա Ավանեսյան

Հայ թենիստուհին Հայաստան այցելության ընթացքում արդեն հասցրել է վարպետության դաս անցկացնել երեխաների հետ ու հանդիպել երկրպագուներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Ամեն ինչ անելու եմ, որ 2026 թ.-ը սկսեմ 100 տոկոս կարողությամբ ու առողջությամբ։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայ թենիստուհի Էլինա Ավանեսյանն` անդրադառնալով վնասվածքին ու միջազգային մրցաշարերում կրած պարտություններին։
«2025 թ–ը ես շատ լավ սկսեցի, բայց հետո վնասվածք ստացա, ինչպես նաև մարտ ամսին հիվանդացա, դա շատ ծանր վարակ էր ու վերականգնողական շրջանը շատ երկար տևեց։ Ես չկարողացա մրցել լուրջ մակարդակի վրա։ Հետո նաև ուսի ու դաստակի ցավեր ունեցա ու դեռ վերականգնման շրջանում եմ»,– ասաց նա։
Ավանեսյանը չհերքեց` նաև Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու նպատակներ ունի:
«Ցանկացած մարզիկի երազանքն է Օլիմպիական խաղերի մասնակցելը, և ես էլ բացառություն չեմ: Անհամբեր սպասում եմ դրան, նպատակ ունեմ մասնակցել ոչ միայն Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, այլև հետագա մյուս օլիպիական խաղերին»,- հավելեց Էլինան։
Ի դեպ, հայ թենիստուհին Հայաստան այցելության ընթացքում արդեն հասցրել է վարպետության դաս անցկացնել երեխաների հետ ու հանդիպել երկրպագուներին։
Նա նշեց, որ իր համար միշտ էլ կարևոր է երեխաների հետ հանդիպելն ու նրանց երջանիկ աչքերը տեսնելը: Դա ոգեշնչում է իրեն։
«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ, Հայաստան վերադարձել եմ ինչպես տուն, նաև մեծ ուրախությամբ մասնակցում եմ բոլոր միջոցառումներին»,– ասաց նա։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի խոսքով` Ավանեսյանը շարունակում է ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում։ Նա վստահեցրեց, որ հիմնադրամը շարունակելու է աջակցել Էլինային, որ նա ներկայացնի Հայաստանն ամբողջ աշխարհում:
Թենիսի կանանց ասոցիացիան այսօր հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է 1 կետով ու 104-րդն է։