ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանը մեկնարկեց «ջերմ» մթնոլորտում։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից խոսեցին քաղաքական հալածանքների ու հետապնդումների մասին։ Մանուկյանն ընդգծեց՝ ՔՊ թափուր մնացած 2 մանդատները նոր պատգամավորներ ստանձնեցին, սակայն «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի աթոռը շարունակում է թափուր մնալ, որովհետև նա կեղծ մեղադրանքներով անազատության մեջ է։ Մանուկյանն ընդգծեց՝ նրանից բացի քաղաքական հետապնդումների պատճառով անազատության մեջ են նաև Սամվել Կարապետյանը, Միքայել և Բագրատ սրբազաներն ու Սրբազան պայքարի 17 աջակիցներ։
«Ոչ միայն թվարկված մեր հայրենակիցների, այլև շատ այլ անձանց մասով իրականացվում են ապօրինի քրեական հետապնդումներ, կեղծ տեղեկություններ են տարածվում, որոնք ամեն օր հերքվում են և փուչիկի նման պայթում։ Պետք է արձանագրել, որ «ժողովրդական բաստիոն» հայտարարված Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության որևէ նշույլ չկա, այլ իրավական պետությունը հիմնավորապես ոտնահարվում և արհամարհվում է»,- գործընկերոջ խոսքը շարունակեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ մարդիկ հայտնվում են իշխանությունների ուղիղ թիրախում իրենց արժանապատվությունը, ճշմարտությունն ու հայ լինելու իրավունքը վերահաստատելու համար։
Հավելեց՝ հանուն ՀՀ-ի պետք է կարողանան ոչ միայն հեռացնել գործող իշխանություններին, այլև վերացնել քաղաքական հետապնդումների արատավոր շղթան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հեգնանքով արձագանքեց ընդդիմադիրների ելույթներին՝ նշելով, թե ընդդիմությունը ոչ մի նոր բան ամառային արձակուրդների ընթացքում չի սովորել՝ հին, մաշված, չարչրկված նույն տեքստերն են, որովհետև «ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ»։ Ըստ նրա՝ վաշինգտոնյան տեղի ունեցած «պատմական իրադարձություններից հետո ընդդիմությունը պետք է փորձի երգել հին երգերը»։