ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի երեք վարչական շրջանի մեկական մանկապարտեզում կիրականացնի երեքից վեց տարեկան երեխաների համար նախատեսված հուզական ինտելեկտի զարգացմանն ուղղված պիլոտային ծրագիր։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը այս մասին քաղաքապետին զեկուցեց Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը։ Նրա խոսքով՝ նպատակն է օգնել երեխաներին ճանաչել, հասկանալ և կառավարել իրենց հույզերը, ինչը երեխաների սոցիալ–հոգեբանական զարգացման հիմքն է։
«Որպես պիլոտային ծրագրի երկարաժամկետ արդյունք ասեմ, որ երեխաների հուզական ինտելեկտի զարգացումը կնպաստի արդյունավետ հաղորդակցմանը, էմպաթիային, ինքնավստահության բարձրացմանն ու դրական վարքի ձևավորմանը։ Ծրագրի մեթոդաբանական նշանակման նպատակով իրականացված գիտական գրականության հետազոտության ընթացքում՝ նախնական 16 հազար աղբյուրից, ուսումնասիրվել է 65-ը»,–ասաց նա։
Գևորգ Ղարիբյանը նշեց, որ ընտրվել է 10 հիմնական աղբյուր և առանձնացվել է 5 ուղղություն՝ հույզերի ճանաչում, անվանում, գիտակցում, արտահայտում, կառավարում։ Ծրագրի տևողությունը 10 շաբաթ է։