ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ երկրների առաջնորդներն առցանց գագաթնաժողովի ժամանակ հայտարարել են համախմբվածությունն ամրապնդելու, ճգնաժամերն ու մարտահրավերները միասին դիմագրավելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Հանդիպմանը մասնակցող առաջնորդները հայտարարել են, որ ԲՐԻԿՍ երկրները պետք է ամրապնդեն համախմբվածությունն ու համակարգումը, ձեռք ձեռքի տված պատասխանեն ճգնաժամերին և մարտահրավերներին, համատեղ պաշտպանեն բազմակողմանիությունը, ազատ և բաց միջազգային առևտրային համակարգը, Գլոբալ Հարավի ընդհանուր շահերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԲՐԻԿՍ անդամ երկրների արտահերթ առցանց գագաթնաժողովն անցկացվել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի նախաձեռնությամբ։ Քննարկման թեման եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպմանը տեսակապով մասնակցել է Սոչիից։