ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայազգի արտիստներ Եվա Գևորգյանը, Սերգեյ Սմբատյանը և Վասիլիսա Բերժանսկայան ելույթ են ունեցել Էմիր Կուստուրիցայի «Kustendorf Classic 2025» փառատոնի փակմանը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ջութակահար և պրոդյուսեր, «Almazian Productions»-ի հիմնադիր Խաչատուր Ալմազյանը։
Էմիր Կուստուրիցայի փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 4-6-ը սերբական Մեչավնիկ էթնո գյուղում։
Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը նվագել է Չայկովսկու դաշնամուրային առաջին կոնցերտը: Նրա ելույթն ընդունվել է բուռն ծափահարություններով։ Ոչ պակաս կարևոր իրադարձություն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դասախոսությունը: Դիրիժորի, մենակատարների և նվագախմբի փոխհարաբերությունների մասին նրա ելույթն անցել է լեփ-լեցուն դահլիճում և մեծ հետաքրքրություն առաջացրել մասնակիցների շրջանում:
Փառատոնն ավարտվել է համաշխարհային օպերային բեմի աստղ, մեցցո-սոպրանո Վասիլիսա Բերժանսկայայի ելույթով, ում անունն արդեն գրված է աշխարհի առաջատար թատրոնների պատմության մեջ:
«Ես հպարտություն և երախտագիտություն եմ զգում. Էմիր Կուստուրիցայի հետ բարեկամությունը թույլ տվեց ինձ կրկին ամենավառ կերպով ներկայացնել Հայաստանը «Կուստենդորֆում»: Եվան փայլեց բացման ժամանակ, Սերգեյը աներևակայելիորեն գրավեց հանդիսատեսին իր դասախոսությամբ. այս իրադարձությունն իսկապես միջազգային դարձավ: Եվ ամենակարևորը՝ առջևում կան նոր նախագծեր և նոր բարձունքներ, որոնք մենք անպայման միասին կնվաճենք», - նշեց Խաչատուր Ալմազյանը:
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչները փառատոնին մասնակցել են Էմիր Կուստուրիցայի վաղեմի ընկերոջ՝ Խաչատուր Ալմազյանի խորհրդով և աջակցությամբ։
Էմիր Կուստուրիցայի փառատոները երկար տարիներ հայտնի են իրենց յուրահատուկ մթնոլորտով և ամեն տարի հավաքում են համաշխարհային աստղերի, այդ թվում՝ երիտասարդ երաժիշտների և ճանաչված վարպետների ամբողջ աշխարհից: Տարբեր տարիներին նրանց հյուրերն են եղել Մոնիկա Բելուչին, Ջոնի Դեփը, Սալմա Հայեկը, Ջիմ Ջարմուշը, Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուևը և շատ ուրիշներ։