ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան ծրագրում է երկու դպրոց բացել Դամասկոսում և Հալեպում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական «Habertürk» հեռուստաալիքին։
«Թուրքիայի և Սիրիայի պաշտոնյաներն առաջին հերթին կհեռացնեն հակաթուրքական արտահայտությունները Բաշար Ասադի ժամանակներից մնացած դպրոցական դասագրքերից։ Հատուկ ուշադրություն կդարձվի պատմության և աշխարհագրության դասագրքերին, կմշակվի դպրոցական նոր ծրագիր», - ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ թուրք մանկավարժները կներգրավվեն Թուրքիայից հայրենիք վերադարձած և արաբերենին թույլ տիրապետող սիրիացի երեխաների ուսուցմանը: Նման երեխաների համար նոր ուսումնական կենտրոններ կստեղծվեն առաջին հերթին այն շրջաններում, որտեղ վերջերս վերադարձած երեխաների մեծ թիվ է արձանագրվել։
«Նախատեսվում է երկու թուրքական դպրոց բացել Հալեպում և Դամասկոսում։ Սիրիացի մասնագետները կվերապատրաստվեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում։ Կրթության նախարար Յուսուֆ Թեքինը Դամասկոս կատարած վերջին այցի ընթացքում սահմանել է այդ նախագծի ճանապարհային քարտեզը», - հայտնել է հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, դրանից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց պաշտոնը և լքեց երկիրը։ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան (հայտնի է Ջուլանի անունով), որը հունվարի վերջին հռչակվեց Սիրիայի ժամանակավոր նախագահ:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան օգոստոսի վերջին հայտնեց, որ Սիրիայի իշխանափոխությունից հետո Թուրքիայից հայրենիք է վերադարձել ավելի քան 450 հազար սիրիացի, ներգաղթի տեմպերը շարունակում են աճել։ 2016 թվականից Թուրքիայից Սիրիա է վերադարձել գրեթե 1,2 միլիոն սիրիացի, բայց Թուրքիայում ժամանակավոր ապաստան գտած ավելի քան 2,5 միլիոն սիրիացի դեռ կա: