Արևմտյան բիզնեսը պետք է ՌԴ–ին, բայց նրա տեղն արդեն ուրիշներն են զբաղեցնում. Պեսկով

Հեռացած արևմտյան ընկերությունները դեռ չեն վերադառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է արևմտյան ընկերությունների վերադարձով, քանի որ ցանկացած տնտեսության պետք են նոր տեխնոլոգիաներ և ներդրումներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ինձ թվում է՝ սխալ կլինի ասել, որ մենք շահագրգռված չենք այդ ընկերությունների վերադարձով։ Աշխարհի ցանկացած տնտեսություն շահագրգռված է օտարերկրյա ներդրումներով, շահագրգռված է, որ երկիր գան նոր տեխնոլոգիաներ, նոր հմտություններ։ Դա շատ կարևոր է», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ռուսաստանի շուկայից հեռացած բիզնեսի վերադարձի հեռանկարները։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ արևմտյան հեռացած ընկերությունները դեռ չեն վերադառնում:
«Այն բիզնեսը, որը հեռացել է, չի վերադառնում։ Հետևաբար այս բոլոր քննարկումները դեռ տեղին չեն։ Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ուստի այլ երկրների բիզնեսն է մեծ հետաքրքրություն դրսևորում, հատկապես այն հատվածների նկատմամբ, որոնք խոշոր արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո ազատվել են», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` Արևելյան տնտեսական տասներորդ համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կամպուսի հարթակում: «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման». սա համաժողովի այս տարվա գլխավոր թեման է։
Միջոցառման գլխավոր տեղեկատվական գործընկերը ՌԻԱ Նովոստին է։
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ՉԺՀ-ի վճարային գործիքների միավորումը