Վրաստանի նախագահը ներում է շնորհել ընդդիմադիր քաղաքական գործիչներին

Դատապարտյալներն ավելի վաղ հրաժարվել էին Կավելաշվիլիի ներման առաջարկից, ինչը նա գնահատել էր որպես նախագահության ինստիտուտը նսեմացնելու փորձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին որոշել է ներում շնորհել հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Լելո - Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։
Ընտրական սուբյեկտների գրանցումն ավարտվել է սեպտեմբերի 4-ին։ Գրանցված կուսակցությունների թվում է նաև «Լելոն», որի ղեկավարները մինչ այժմ գտնվում էին քրեակատարողական հիմնարկում՝ ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար:
Կավելաշվիլին նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցնելու են մրցակցային միջավայրում` չնայած քաղաքական գործիչների մի մասը պատիժ է կրում բանտում: Միաժամանակ նա ընդգծել է, որ ընտրությունները չպետք է ինդուլգենցիա դառնան հանցագործություն կատարածների համար։
Նախագահը նաև հիշեցրել է, որ դատապարտյալներն ավելի վաղ հրաժարվել էին ներման մասին իր առաջարկից, ինչը ինքը գնահատել էր որպես նախագահության ինստիտուտը նսեմացնելու փորձ:
«Սակայն, չնայած բոլոր վերոնշյալ հանգամանքներին, որպեսզի որևէ մեկը նույնիսկ առիթ չունենա պնդելու, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցնում են սահմանափակ մրցունակության պայմաններում, ես որոշում եմ կայացրել ներում շնորհել երկու դատապարտյալի՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին»,-ասվում է Կավելաշվիլիի հայտարարության մեջ:
Նախագահը հույս է հայտնել, որ ներում ստացած քաղաքական գործիչներն այսուհետ իրենց գործունեությունը կվարեն օրենքի շրջանակում: Նա դիմել է ընտրությունների բոլոր մասնակիցներին՝ կոչ անելով ապահովել խաղաղ քարոզարշավ և հաջողություն է մաղթել նրանց, ովքեր անկեղծորեն ձգտում են համայնքների զարգացմանը և քաղաքացիների շահերի պաշտպանությանը:
Վրաստանում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 2025 թվականի հոկտեմբերի 4-ին երկրի 64 քաղաքներում և շրջաններում։ Ընտրություններին մասնակցելու է 14 կուսակցություն։
Բացի քաղաքապետներից, ընտրվելու են նաև տեղական ներկայացուցչական մարմինների՝ սակրեբուլոների պատգամավորներ։ Յուրաքանչյուր սակրեբուլոյում 10-50 պատգամավոր է լինում՝ կախված շրջանի բնակչության թվից։
Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ․ Կավելաշվիլի