Պորտուգալիայում գրանցվել է 94 տարվա ընթացքում ամենաշոգ ամառը

2025 թվականի ամառը Պորտուգալիայում նաև ամենաչորն էր 1931 թվականից ի վեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. 2025 թվականի ամառը դարձավ ամենաշոգը Պորտուգալիայում վերջին 94 տարվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Lusa լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պորտուգալիայի ծովի և մթնոլորտի ինստիտուտի (IPMA) տվյալներին։
«2025 թվականին Պորտուգալիան ապրեց վերջին 94 տարվա ընթացքում ամենատաք ամառը, որը նշանավորվեց շոգի երեք ալիքներով և նորմայից 1.55°C բարձր օդի միջին ջերմաստիճանով», – գրում է պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ օդի միջին ջերմաստիճանը կազմել է 23.51°C, ինչը1.55°C-ով բարձր է 1991-2020 թվականների կլիմայական նորմայից։ Միջին առավելագույն ջերմաստիճանը հասել է30.78°C-ի՝ դառնալով վերջին ինը տասնամյակների ընթացքում ամենաբարձրը և գերազանցելով նորման 2.09°C-ով։
Իսպանիայում վերջին շոգերի պատճառով հազարից ավելի մահ է գրանցվել. վիճակագրություն
Ամռան ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է ջերմաստիճանային 33 ռեկորդ՝ առավելագույն ջերմաստիճանով, և 10 ռեկորդ՝ նվազագույնով։ Մորա քաղաքում ջերմաստիճանը հունիսի 29-ին հասել է 46.6°C-ի, ինչը դարձել է այդ ամսվա նոր բացարձակ առավելագույն ցուցանիշը։ Նշվում է, որ 2025 թվականի ամառը նաև ամենաչորն էր 1931 թվականից ի վեր։