ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik․ Վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է ավտոմեքենաների թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ևս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով վարույթներն ընթացքի մեջ են։
Տեղեկացվում է, որ նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանում մեքենաների տեխնիկական զննության կայաններում։
«Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով»,- զգուշացնում է նախարարը։
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ տեխնիկական զննությունը պարտադիր է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Հավելենք, որ այս հայտարարությունն արվել է սեպտեմբերի 2–ին Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենայի պայթյունի դեպքից հետո։