ՌԴ քաղաքացիներին ազատելը կարևոր քայլ է. Զախարովան՝ Մոսկվա– Բաքու հարաբերությունների մասին

Հունիսի 2-ին ռուսական կողմը տեղեկատվություն է հայցել կալանավորված ՌԴ քաղաքացիների առողջական վիճակի մասին, սակայն պատասխան դեռ չի ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ՌԴ 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ դառնալ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թեման մանրամասն քննարկվել է օգոստոսի 22-ին Աստրախանում կայացած ռուս-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստերի ժամանակ։ Մեր երկրի դիրքորոշումը մանրամասն ներկայացվել է ադրբեջանական պատվիրակությանը», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Բաքվի կալանավայրում արդեն երեք այց է կազմակերպվել հյուպատոսական աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացիներին տեսնելու համար հուլիսի 3-ին, 14-ին և 23-ին։
«Չորրորդ հանդիպման հարցում է ուղարկվել, սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել իր համաձայնությունը։ Մենք ելնում ենք նրանից, որ նման համաձայնություն կստացվի», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ Զախարովան նշել է, որ հունիսի 2-ին ռուսական կողմը տեղեկություններ է հայցել կալանավորված ՌԴ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց տրամադրված բուժօգնության մասին, սակայն կրկին դեռ պատասխան չի ստացվել։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:
«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:
Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է` այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք դժգոհություն չի հայտնել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով` գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։
Նշենք, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար:
ՌԴ ժուռնալիստների միությունը պահանջում է ազատ արձակել Sputnik Ադրբեջանի գործընկերներին