Իսրայելը պատրաստվում է Գազա քաղաքը վերցնել լիակատար վերահսկողության տակ՝ պատճառաբանելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի գլխավոր բազաները։
Իսրայելի բանակի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ նախապատրաստվող գրոհը կարող է հանգեցնել միլիոնավոր պաղեստինցիների տեղահանման, որոնց համար Իսրայելը ծրագրում է ստեղծել նոր «մարդասիրական գոտի»:
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ պաղեստինյան կիսաէքսկլավի մայրաքաղաք Գազայի և նրա շրջակայքի ամբողջ փաստացի բնակչությունը մեկ միլիոն է։
Վերջին օրերին պաղեստինցիների ակտիվ տեղաշարժ է նկատվում Գազայի հատվածի հյուսիսից (որտեղ գտնվում է Գազա քաղաքը) դեպի հարավ:
Որոշ տեղեկություններով` Գազայի հատվածի հյուսիսային շրջաններն արդեն մոտ 70 հազար մարդ է լքել։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: