ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԳԴՀ–ի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաշվի է առնում ՌԴ–ի դեմ ռազմական գործողություններում Գերմանիայի անմիջական ներգրավման ռիսկերը, սակայն կարգադրել է թաքցնել Ուկրաինային «Taurus» հրթիռների մատակարարմանը ԳԴՀ–ի առնչությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը։
ԱՀԾ–ի տեղեկություններով` եվրոպացի մի շարք փորձագետներ տարակուսանք են հայտնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ–ի և ԱՄՆ–ի երկխոսության առաջմղման պայմաններում Մերցի հակառուսական կոշտ հռետորաբանության վերաբերյալ։
«Կանցլերը, պետք է խոստովանել, հաշվի է առնում Ռուսաստանի դեմ մարտական գործողություններում Գերմանիայի անմիջական ներգրավման ռիսկերը։ Դրա հետ կապված նա կարգադրել է առավելագույնս թաքցնել Բեռլինի առնչությունը Կիևին նման զենքի մատակարարումներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով` հրթիռների վրայից հեռացվում է գործարանային մակնշումը, առանձին դետալներ փոխարինվում են։
«Սակայն Մերցը որևէ տեղ չի փախչի նրանից, որ Taurus հրթիռները ղեկավարելու են Ուկրաինա գործուղված գերմանացի զինծառայողները», – հավելել են ԱՀԾ–ից։
Նշենք, որ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած ԳԴՀ–ի նախկին վարչակազմը հրաժարվում էր ուկրաինական կողմին տրամադրել Taurus հրթիռները։ Սակայն երբ այդ պաշտոնը ստանձնեց Ֆրիդրիխ Մերցը, հռետորաբանությունն այս հարցում փոխվեց։