ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները այսօր հայտնել են, որ Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ 6 պայթյուն է եղել։ Լուրը հրապարակվել է գործակալության կայքում։
«ՄԱԳԱՏԷ-ի թիմն անցած շաբաթ բազմիցս արձանագրել է կայանի տարածքից դուրս պայթյունների և ռազմական ակտիվության ձայներ։ Այսօր առավոտյան փորձագետները հայտնել են 6 պայթյունի մասին, սակայն միջուկային անվտանգության սպառնալիք չի հայտնաբերվել», – ասված է հաղորդագրության մեջ:
ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ շարունակում են հատուկ վտանգ ներկայացնել սառեցնող ջրի հասանելիության հետ կապված խնդիրները և չափազանց անկայուն արտաքին էլեկտրամատակարարումը:
Գործակալությունը նշել է, որ արդեն չորս ամիս է` Զապորոժիեի ԱԷԿ-ը ստիպված է աշխատել միայն մեկ արտաքին էլեկտրահաղորդման գծի միջոցով, որն անհրաժեշտ է կանգնեցված 6 ռեակտորների սառեցման և այլ կարևոր գործառույթների համար (պատերազմից առաջ 10 գիծ է եղել):
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: