ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Լիսաբոնում Elevador da Glória ֆունիկուլյորի ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով RTP հեռուստառադիոընկերությանը։
«Observador» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Լիսաբոնում, որտեղ «Գլորիա» ֆունիկուլյորի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորների թիվը հասել է 23-ի, նրանցից հինգը ծանր վիճակում էին։
«Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հենց նոր հայտնել է, որ այսօր գիշերը երկու ծանր վիրավորները մահացել են, զոհերի թիվը արդյունքում հասել է 17-ի», – ասվում է RTP-ի հրապարակման մեջ։
«Observador» թերթի տվյալներով՝ զոհվածների թվում յոթ տղամարդ և ութ կին են, իսկ մյուս երկու զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ 21 վիրավորներից 7-ը ծանր վիճակում են, 12-ը թեթև վնասվածքներ են ստացել։
«Գլորիա» ֆունիկուլյորը Լիսաբոնի կենտրոնը կապում է Բայրու Ալտու շրջանի հետ։ Այն բացվել է XIX դարում և 2002 թվականին ստացել է ազգային հուշարձանի կարգավիճակ։ Ամեն տարի դրանից օգտվում է ավելի քան երեք մլն ուղևոր։ 2018 թվականին այն ևս դուրս էր եկել գծերից, սակայն զոհեր այն ժամանակ չէին եղել։
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Նա նաև իրավասու մարմիններին կոչ է արել օպերատիվ կերպով պարզել աղետի պատճառները։