ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում 2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1011 քրեական վարույթ, որից 477–ը փոխանցվել է 2024 թվականից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեից նշում են, որ 2024 թվականին այս դեպքերի թիվը կազմել է 887:
1011 քրեական վարույթից 53-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 64), 316-ը կարճվել է (2024-ին՝ 240), որից 269-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 203), իսկ 47-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 37)։
Բացի այդ, 41 վարույթ միացվել է (2024-ին՝ 29), 23-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 5), 24-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 93), 554-ը՝ փոխանցվել 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 455):
Դատարան ուղարկված 51 վարույթից 1-ը քննվել է սպանության, 3-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը` մարդուն առևանգելու, 6-ը՝ ֆիզիկական ներգործության, 20-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 61 տուժողից 20-ը եղել է մինչև 12 տարեկան, 14-ը՝ 12-14, 17-ը՝ 14-16, 10-ը՝ 16-18: