Տավուշում տղամարդն ուրիշի ննջարան է մտել, փորձել խեղդել 34-ամյա կնոջը և նրա երեխային

Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ. Արխիվային լուսանկար
Ոստիկանները Լ․ Պ․-ին հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ Տավուշի մարզի տներից մեկում գիշերով սպանության փորձ է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը։ Նշվում է, որ օգոստոսի 30-ին ժամը 05։45-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մարզի բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվում։
«Քրեական և համայնքային ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Բ․ Ռ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Լ․ Պ․-ն ապօրինի մուտք է գործել իրենց առանձնատան 2-րդ հարկ՝ մտել է ննջասենյակ, որտեղ քնած են եղել իր կինը և 1-ամյա դուստրը։ Լ․ Պ․-ն փորձել է խեղդել և սպանել կնոջը, այնուհետև 2 ձեռքով փորձել է խեղդել երեխային, այդ ժամանակ ինքն օգնության է հասել նրանց։ Տուն մուտք գործած տղամարդը դանակով ցանկացել է հարվածել իրեն, և դանակը խլելու ժամանակ ինքը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, այդ ընթացքում վնասվածք է ստացել նաև իր 36-ամյա քույրը»,–գրում է կայքը։
Ոստիկանները Լ․ Պ․-ին հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույն հասցեից ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Լ․ Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։