ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 20-21-ին Տաշքենդում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների` ահաբեկչությանը հակազդելուն ուղղված միջազգային համաժողովը։ Այս մասին հայտնել է ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի (ՏՀԿ) մամուլի ծառայությունը։
«ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի խորհուրդը որոշել է Տաշքենդում 2025 թվականի նոյեմբերի 20-21-ն անցկացնել ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների և Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ պետությունների տասնմեկերորդ միջազգային գիտագործնական համաժողովը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Համաժողովի ընթացքում ահաբեկչությանը, անջատողականությանը և ծայրահեղականությանը հակազդելու առաջադեմ փորձի փոխանակում է նախատեսվում, ինչպես նաև քննարկում` կապված անվտանգության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում միջազգային համագործակցության բարելավման միջոցառումների հետ։
ՇՀԿ գագաթնաժողովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ավելի քան 20 պետությունների ղեկավարների մասնակցությամբ, անցկացվեց օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Թիենծին քաղաքում (Հյուսիսային Չինաստան): Ինչպես նշել է Չինաստանի արտգործնախարարի օգնական Լյու Բինը, սա միավորման գոյության ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ ֆորումն էր:
Այսօր ՇՀԿ-ի կազմում 10 անդամ պետություն կա՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող 2 երկիր (Աֆղանստանը և Մոնղոլիան) և 14 երկխոսության գործընկեր (Ադրբեջանը, Հայաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան): Այն աշխարհի ամենամեծ տարածաշրջանային համագործակցության կազմակերպությունն է՝ բնակչության թվով, աշխարհագրական ընդգրկումով և զարգացման ներուժով: