ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երբեք չի բացառել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը, բայց Զելենսկու ներկայիս կարգավիճակում նրա հետ հանդիպում անցկացնելը ոչ մի բան չի տա։
«Եթե պարզապես գործող վարչակազմի ղեկավարի հետ հանդիպումներ անցկացնենք, կարելի է։ Ես երբեք չեմ հրաժարվել դրանից, եթե այդ հանդիպումը լավ պատրաստված է և բերելու է ինչ-որ դրական արդյունքների։ Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, նման հանդիպում տեղի կունենա»,- ասել է Պուտինը լրագրողներին ՉԺՀ կատարած այցի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։
Նա հավելել է, որ եթե Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են լեգիտիմ լինել, ապա պետք է հանրաքվե անցկացնեն, ինչը, սակայն, ռազմական դրության պայմաններում հնարավոր չէ։
Պուտինը հայտարարել է, որ գոհ է Վլադիմիր Մեդինսկու՝ որպես Ուկրաինայի հետ բանակցային խմբի ղեկավարի աշխատանքից, ինչը զսպվածության և պրոֆեսիոնալ մոտեցման օրինակ է: Նա նաև նշել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման թունելի վերջում լույս է տեսնում։
Ռուսաստանի նախագահի այլ հայտարարությունները.
Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգության համար մեղավոր են նրանք, ովքեր անտեսել են Ռուսաստանի անվտանգային շահերը։
Մենք միշտ դեմ ենք եղել, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չենք առարկել ԵՄ անդամակցությունը։
Ցանկացած երկիր պետք է ունենա անվտանգության երաշխիքներ, բայց դա կապ չունի տարածքների փոխանակման հետ։
Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր անվտանգության ապահովման համակարգը, բայց դա չպետք է անի Ռուսաստանի հաշվին։
Ռուսաստանը պայքարում է ոչ այնքան տարածքների, որքան մարդկանց՝ իրենց լեզվով խոսելու և իրենց մշակույթով ապրելու իրավունքի համար։
Ուկրաինական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի բոլոր փորձերը խափանվել են։ ՌԴ-ն դեռ 2022 թվականին Ուկրաինային առաջարկում էր զորքը դուրս բերել Դոնբասից և վերջ տալ հակամարտությանը, սակայն Կիևի մոտից ռուսական զորքը հետ քաշելուց հետո Ուկրաինան մտափոխվեց։ Ուկրաինայի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհնարինության դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի առաջադրված խնդիրները լուծել զինված ճանապարհով։
Ուկրաինան փորձում է ռազմական հատուկ գործողության գոտում փակել ծակերը՝ իր ուժերը տեղափոխելով մի ուղղությունից մյուսը։ Ուկրաինայի մարտունակ ստորաբաժանումները համալրված են ոչ ավելի, քան 47-48 տոկոսով։ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել, նրանք միայն պահպանում են դիրքերը։ Ռուսաստանի զինված ուժերի բոլոր խմբավորումները գրոհում են բոլոր ուղղություններով:
Մարտական գործողությունները բարդ և դաժան բան են, կանխատեսումներ չպետք է արվեն:
Ռուսաստանի նախագահի աշխատանքային այցը ՉԺՀ տեղի է ունեցել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը: Այցի շրջանակում Պուտինը բանակցել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովին, երկկողմ հանդիպումներ է անցկացրել։ Այցի ընթացքում Ռուսաստան–Մոնղոլիա–Չինաստան եռակողմ գագաթնաժողով է անցկացվել: Պուտինը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին: