Ազգային ժողովում Արեն Մկրտչյանին կփոխարինի Վանիկ Օհանյանը

Արեն Մկրտչյանը Լոռու մարզպետ է նշանակվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ Ազգային ժողովում մանդատը վայր դրած Արեն Մկրտչյանին կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նշենք, որ Օհանյանը ծնվել է 1982թ. հոկտեմբերի 22-ին` Վանաձորում, մասնագիտությամբ բժիշկ–ստոմատոլոգ է: 2020թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Վանիկ Օհանյանը վարչապետի` 2021 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Պաշտոնավարումը դադարեցվել է ժամկետը լրանալու հիմքով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին հայտնեց, որ պատգամավորական մանդատից հրաժարված Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արեն Մկրտչյանն էլ` Լոռու մարզպետ։
Լոռու մարզպետի պաշտոնը թափուր է հունիսի 2-ից: Նախկին մարզպետ Արամ Ղազարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո այդ պաշտոնը չի համալրվել, նրա տեղակալներից Հովհաննես Ավետիսյանն է մարզպետի պարտականությունները ժամանակավոր կատարում։
Արեն Մկրտչյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: