ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. 2017 թվականից ի վեր առաջին անգամ չինացի քաղաքական գործիչների պատվիրակությունը կայցելի Եվրոպական խորհրդարան: Այս մասին գրում է «Politico»-ն՝ հղում անելով Եվրախորհրդարանի պատգամավոր Էնգին Էրօղլուին։
Այցը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի կեսերին կամ նոյեմբերի սկզբին։
Պատգամավորի խոսքով՝ 2026 թվականին նախատեսվում է եվրոպացի պաշտոնյաների պատասխան այցը Չինաստան։
«Հանդիպումից հետո, որը դեռ համաձայնեցվում է և կարող է տեղի ունենալ հոկտեմբերի կեսերին կամ նոյեմբերի սկզբին, հաջորդ տարվա մայիսի երկրորդ կեսին կկազմակերպվի ԵՄ ներկայացուցիչների այցը Չինաստան», - հստակեցրել է Էրօղլուն:
Ակնկալվում է, որ շփումների ժամանակ կողմերը կքննարկեն ուկրաինական հակամարտությունը, առևտրային հարաբերությունները, համաշխարհային համակարգում ՄԱԿ-ի դերին և մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
«Մենք պետք է առևտրային հարաբերություններում փոխենք ստատուս քվոն։ Հիմա մենք ՉԺՀ-ի հետ առևտրում հսկայական պակասուրդ ունենք, որը պետք է կրճատել», - նշել է պատգամավորը։
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը հետևողականորեն կապի ուկրաինական հակամարտության հարցում նրա դիրքորոշման հետ:
Հիշեցնենք` ապրիլին Եվրախորհրդարանը հայտնել էր, որ Պեկինը համաձայնել է չեղարկել կառույցի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցները, ինչը խորհրդարանական մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորություն է ստեղծել։
Բրյուսելն ու Պեկինը սկսեցին փոխադարձ պատժամիջոցներ սահմանել 2021 թվականին։ ԵՄ երկրների արտգործնախարարները սև ցուցակում ներառեցին Չինաստանի չորս քաղաքացու և մեկ կազմակերպություն՝ նրանց մեղադրելով մարդու իրավունքների խախտումների և Սինցզյանում ույղուրական փոքրամասնությանը հետապնդելու մեջ։ Ի պատասխան Չինաստանի ԱԳՆ-ն պատժամիջոցներ սահմանեց 10 եվրոպացի քաղաքական գործիչների և 4 կազմակերպության դեմ։