Տավուշում էկոպարեկը կաշառք է վերցրել ապօրինի ծառահատումը թույլ տալու համար

Էկոպարեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ նրան կաշառք տված անձանց նկատմամբ՝ տնային կալանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Տավուշում էկոպարեկը 2 անձից կաշառք է ստացել և չի կանխել ապօրինի ծառահատումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկը, տեղեկացված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումների մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Մասնավորապես, միջոցներ չի ձեռնարկել ապօրինի ծառահատումը կանխելու ուղղությամբ և առերևույթ հանցանքի մասին հաղորդում չի ներկայացրել։
«Ավելին՝ ծառահատումներ իրականացնողին հորդորել է հատված ծառերի բները «սևացնելով» քողարկել ապօրինի ծառահատման փաստը, ինչի հետևանքով թաքցվել է ապօրինի ծառահատման առերևույթ հանցագործության դեպքը»,- հայտնում են կոմիտեից։
Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ): Նրան կաշառք տված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ):
Էկոպարեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։