ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Պեկինում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանը և Չինաստանը երկկողմ համագործակցության վերաբերյալ ավելի քան 20 փաստաթուղթ են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։
«Փաստաթղթերը վերաբերում են էներգետիկային, ավիատիեզերական ոլորտին, արհեստական բանականությանը, գյուղատնտեսությանը, տեսչական և կարանտինային վերահսկողությանը, առողջապահությանը, գիտական հետազոտություններին, կրթությանը և ԶԼՄ–ներին», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Բացի այդ, Ռուսաստանը և Չինաստանը «Սիբիրի ուժ-2»-ի կառուցման վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր են ստորագրել, ինչպես նաև պայմանավորվել են ավելացնել մատակարարումները գործող «Սիբիրի ուժ» գազատարով և կառուցվող «Հեռավորարևելյան երթուղով»։
Բոլոր նախագծերը շահագործման հանձնելուց հետո Ռուսաստանից Չինաստան խողովակաշարային գազի մատակարարումների ծավալը կկազմի 106 մլրդ խորանարդ մետր։
Ռուս-չինական բանակցությունները` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ, անցկացվել են այսօր Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։