Պայքարելիք կա․ Հայկ Մամիջանյանը Եռաբլուրում խոսեց օրվա խորհրդի և առաջիկա հանրահավաքի մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը համոզված է, որ պայքարելը հայ ազգի ԴՆԹ–ի մեջ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է, որ հայ ազգի մեծամասնությունը շարունակում է հավատալ ազգային իղձերին։ Նա այդ մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայ ազգը չէր կարող սեպտեմբերի 2-ին հավաքական ձևով աշխարհին ու նաև գործող իշխանություններին չհիշեցնել, թե ինչին է հավատում ու ինչ երազանքներով է ապրում։ Ասելիք քիչ կա, պայքարելիք կա, դա ոչ մեկը չի կարող ո՛չ փակել, ո՛չ արգելել, դա մեր ազգի ԴՆԹ-ի մեջ է»,- ասաց Մամիջանյանը՝ անդրադառնալով այսօր երեկոյան Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին և օրվա խորհրդին։
Նա վստահ է, որ հայ ազգի մեծամասնությունը հենց այդպես է մտածում՝ անկախ նրանից, թե ինչ է քարոզվում ու ներկայացվում։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն Արցախի Անկախության օրվա առիթով հղած ուղերձում շեշտել էր, որ Արցախը հայերի հայրենիքի նվիրական մասն է, իսկ արցախահայության վերադարձը՝ անբեկանելի և հիմնարար իրավունք։ Նա ընդգծել էր, որ հավատում է՝ ինչպես իր սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը, վերականգնել արդարությունը, ազգային արժանապատվությունը և հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։