ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կառավարությունը որոշել է 2025 թվականի սեպտեմբերի 3-ին փակել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունները երկրում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«ԿԽՄԿ-ն կշարունակի համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) պաշտպանության ներքո գտնվող անձանց օգնություն ցուցաբերելու համար՝ համաձայն մեր մանդատի և Ժնևյան կոնվենցիաներով ստանձնած Ադրբեջանի պարտավորությունների։ Մտադիր ենք պահպանել երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, ՄՄԻ-ի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ մարդասիրական հարցերի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
1992 թվականից ի վեր կազմակերպությունը աջակցել է հակամարտությունից տուժած տարածքների բնակչությանը՝ օգնելով բավարարել աառաջնահերթ կարիքները, տրամադրելով սոցիոլ–հոգեբանական օգնություն, վերանորոգելով կարևորագույն ենթակառուցվածքները և իրականացնելով ականների մասին իրազեկման ծրագրեր։ Այս նախաձեռնությունների շրջանակում մարդկանց վարքագծի կանոններ են սովորեցրել այն տարածքներում, որտեղ պահպանվում է չպայթած զինամթերքի վտանգը։
Կարմիր խաչը աջակցել է նաև իշխանություններին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման և հակամարտության հետևանքով անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում։
«Մենք այցելել ենք հակամարտության հետ կապված կալանավորված անձանց նրանց կալանքի պայմանները և վերաբերմունքը վերահսկելու համար, ինչպես նաև օգնել ենք նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ», – ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը իր հաղորդագրության մեջ շեշտել է, որ համագործակցությունն իրականացվում է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ սերտ փոխգործակցությամբ։
Ավելի վաղ Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն ասել էր, որ Ադրբեջանի ղեկավարության հետ աշխատանքը կշարունակվի, այդ վթում` անհետ կորածների մասով։
Նշենք, որ Կարմիր Խաչը միակ միջազգային կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Ադրբեջանում պահվող հայ գերիներին։