ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Բողոքի ցույցերի ֆոնին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա նահանգի կառավարությունը 2829 դպրոցներում հեռավար ուսուցման ներդրման մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտարարել է նահանգապետ Պրամոնո Անունգը։
Նրա խոսքով՝ այդ միջոցը «ժամանակավոր է և պայմանավորված է կոնկրետ իրավիճակով»։ Այն գործադրվել է՝ հաշվի առնելով իրադրության զարգացումը` հատկապես ցույցերի հետ կապված։
Ջակարտա նահանգի կառավարությունը դիմել է նաև բնակչությանը՝ կոչ անելով աշխատել տնից։
Հեռավար ուսուցումը գործարկվել է այն դպրոցներում, որոնք կա՛մ անկարգությունների վայրերին մոտ են, կա՛մ գտնվում են դժվարամատչելի վայրերում:
Այս չափորոշիչներին չհամապատասխանող ուսումնական հաստատություններին թույլատրվել է ընտրություն կատարել լիարժեք առկա, լիարժեք հեռավար ուսուցման կամ խառը համակարգի միջև:
Օգոստոսի վերջին Ջակարտայում, ինչպես ամբողջ Ինդոնեզիայում, բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել խորհրդարանականների հավելավճարների դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանական մեքենան մահացու վրաերթի է ենթարկել մոտոցիկլետի 21-ամյա վարորդին, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանության միջև սկսվել է առճակատում: Երկրի նախագահ Պրաբովո Սուբիանտոն օգոստոսի 31-ին մասնակի համաձայնություն է տվել ցուցարարների պահանջներին՝ չեղարկելով խորհրդարանականների համար նախատեսված հավելավճարները: