ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստով հայտարարություն է ընդունել, որը Երևանի Ազատության հրապարակում «Վերադարձ» խորագրով միասնության հավաքի ժամանակ կարդաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախի Ազգային ժողովը պահանջում է ՀՀ իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին, միջնորդ երկրներին, որ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնեն գերիների և պատանդների ազատ արձակումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը»,– ասվում է հայտարարության մի հատվածում։
Հայտարարությունում անդրադարձ էր կատարված Արցախի անկախացման պատմությանը և հայաթափմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումն առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման՝ անթույլատրելի է»,– մեջբերեց Մետաքս Հակոբյանը։
Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ և ստորագրել։
Իսկ հանրահավաքն ավարտվեց Հայաստանի վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի կատարմամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։