ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. «Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-հարավ միջանցքի մեկ այլ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Ադրբեջանը մտադիր է Ալյաթի միջազգային ծովային նավահանգստի թողունակությունը տարեկան 15 մլն տոննայից հասցնել 25 մլն տոննայի, Միջին միջանցքը հուսալի և անվտանգ երթուղի է, որը Չինաստանը Ադրբեջանի միջոցով միացնում է Կենտրոնական Ասիան և Եվրոպան։
«Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային տարանցիկ փոխադրումների հնարավորությունների ընդլայնմանը։ Վստահ եմ, որ Զանգեզուրի միջանցքն առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը և օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մերձավոր և հեռավոր հարևաններին՝ մեր սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ», - հայտարարել է Ալիևը:
Հիշեցնենք` Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում պնդում էր, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Օրինակ` այս տարվա հունիս 21–ին Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել էր. ««Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է խաղաղության խաչմերուկ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։