Ուսումնական տարին՝ նոր կարգախոսով. Փաշինյանը և ԿԳՄՍ նախարարը շնորհավորել են դպրոցականներին

Նախարարը հավաստիացնում է, որ այս տարի առավել մեծ ուշադրություն է դարձվելու ապահով և պաշտպանված միջավայրի ձևավորմանը, քարոզվելու է առողջ ապրելակերպ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում ուսումնական տարին մեկնարկել է նոր կարգախոսով. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։
Թեպետ ավելի վաղ փորձագետները քննադատել էին այս կարգախոսը՝ նշելով, որ այն չի ձևավորում արժեհամակարգ, դպրոցը և պետությունը երեխայի մեջ պետք է սերմանի ոչ թե լավ ապրելու գաղափարը, այլ՝ «լավ սովորիր, որ անվտանգ, բարեկեցիկ, մրցունակ, լավ պետություն կառուցես», սակայն նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորանքը սահմանափակել է իր առաջարկած կարգախոսով։
«Լավ սովորիր, որ լավ ապրես»,- գրել է նա:
Իր հերթին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում նշել է, որ անցյալ տարի շեշտը դրվել է մշակութային զարգացման վրա և դրված նպատակները կատարվել են: Նա վստահեցրել է, որ դպրոցականների մշակութային կրթությունն ու դաստիարակությունը շարունակելու են մնալ առաջնային, և այս տարի, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել բազմաթիվ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ:
«Այս ուսումնական տարին անվանել ենք անվտանգ և ապահով կրթության տարի։ Միասին խոսելու ենք շատ կարևոր թեմաներից, փորձելու ենք առավել մեծ շեշտադրում անել առողջ, վնասակար սովորություններից զերծ վարվելակերպին, ֆիզիկական առողջ ակտիվության կարևորությանը: Փորձելու ենք մեր ուսումնական հաստատություններում ձևավորել ապահով և առավել պաշտպանված միջավայր սովորողների, մանկավարժների, կրթության բոլոր մասնակիցների համար»,- իր տեսաուղերձում նշել է նախարարը։
Նա հավաստիացնում է, որ դպրոցներում կկանխվի և կբացառվի ցանկացած բռնություն, առանձին ուշադրություն կդարձվի թվային գրագիտությանը և պաշտպանությանը: Բացի այդ, հայտնի մարզիկների օգնությամբ քարոզվելու է առողջ ապրելակերպ։
«Լավ սովորեք, որ լավ ապրեք»,- իր խոսքն Անդրեասյանն ավարտել է Փաշինյանի «ներմուծած» ուղերձով, որը նրա առաջարկությամբ պետք է փակցվի նաև դպրոցներում:
Նշենք, որ այս տարի ևս մեկ նորամուծություն է ներդրվել, որը ևս քննադատել են փորձագետները: Երևանի դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկում է ոչ թե 08:30-ին, ինչպես հանրապետության բոլոր մարզերում, այլ 08:15-ին: Դա արվում է մայրաքաղաքում առավոտյան ժամերին խցանումներից խուսափելու համար։