ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի Խմելնիցկու մարզում ձերբակալվել է մի տղամարդ, որը ենթադրաբար սպանել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին ղեկավար Անդրեյ Պարուբիին։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
«Հավանական կրակողը մի քանի րոպե առաջ ձերբակալվել է Խմելնիցկու մարզում», - գրել է Կլիմենկոն Telegram–ում։
Հիշեցնենք` Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին ղեկավար, Գերագույն ռադայի նախկին խոսնակ 54-ամյա Անդրեյ Պարուբին, որը ներգրավված էր Կիևի ռեժիմի բազմաթիվ հանցագործություններում, օգոստոսի 30-ին սպանվել է Լվովում։ Կրակողին հաջողվել է թաքնվել։
2013-2014 թվականներին Ուկրաինայում պետական հեղաշրջման ընթացքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Պարուբին «Մայդանի պարետն» է եղել և, իրադարձությունների մասնակիցների խոսքով, առնչություն է ունեցել անհայտ դիպուկահարների կողմից ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների գնդակահարությանը: Բացի այդ, Օդեսայի «Stop Grave» գաղտնի շարժման ներկայացուցչի տվյալներով` Պարուբին 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի Արհմիությունների տանը տեղի ունեցած ողբերգության ժամանակ պետական հեղաշրջման հակառակորդների դեմ հաշվեհարդարի անմիջական համակարգողն ու կազմակերպիչն էր (այդ ժամանակ զոհվեց 48, տուժեց ավելի քան 250 մարդ):