ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երկրորդ ժամկետի ընթացքում գոլֆի դաշտերում անցկացրել է պետության ղեկավարի պաշտոնում եղած օրերի գրեթե 30 տոկոսը, հաշվել Է Սպիտակ տան լրագրողների խումբը:
«Ընդհանուր առմամբ իրեն պատկանող գոլֆի խաղադաշտեր նա այցելել է տվյալ ժամկետի 225 օրից 66-ը, ինչը նշանակում է, որ հունվարի 20-ից ի վեր նա իր խաղադաշտերում գոլֆ է խաղացել օրերի 29,3 տոկոսը»,-ասված է լրագրողների հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Աշխատանքի տոնը, որն ԱՄՆ-ում նշում են սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, Սպիտակ տան տերը նույնպես անցկացնում է խաղադաշտում՝ իր Trump National գոլֆ ակումբում, որը գտնվում է Սթերլինգ քաղաքի մոտակայքում (Վիրջինիա նահանգ)
«Այսօր երկրորդ ժամկետի ընթացքում 21-րդ օրն է, որը նա անցկացրել է Սթերլինգի իր գոլֆի խաղադաշտում»,-ընդգծել են լրագրողները:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաշվարկներով՝ կառավարման առաջին չորս տարվա ընթացքում Թրամփը գոլֆի խաղադաշտում անցկացրել է 307 օր, կամ իր ամբողջ քառամյա ժամկետի մեկ քառորդից մի փոքր պակաս: Ամերիկացի հարկատուները դրա համար վճարել են գրեթե 150 միլիոն դոլար՝ հաշվի առնելով նախագահի թռիչքների և անվտանգության ծախսերը։