Սևանի հոգեբուժարանի բժիշկը կաշառք է վերցրել բանակից ազատելու ախտորոշման համար

Հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի շարք բնակիչներից 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում պահանջել և ստացել է շուրջ 1 մլն 50 հազար դրամ և 5100 ԱՄՆ դոլար կաշառք։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Հ․Հ․-ն մի քանի բնակիչներից կաշառք է պահանջել նրանց որդիներին զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար։
Երիտասարդներին հոգեկան առողջության վերաբերյալ ախտորոշում պարունակող փաստաթղթեր տալու համար պահանջել և մաս-մաս ստացել է տարբեր չափերի կաշառք:
Հ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 435-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը), 272-րդ հոդվածի 1-ին մասով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը), 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնյա
Հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: