ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև առևտրի փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթները սկսել են ավելի ընդարձակորեն կիրառվել։ Այս մասին Չինաստանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա առաջարկել է ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային ենթակառուցվածք ստեղծել։
Պւտինի խոսքով՝ կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացման տեմպերը տպավորիչ են։ Մասնավորապես, ՇՀԿ անդամ երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) միջին աճը 2024 թվականին կազմել է ավելի քան 5%, արդյունաբերական արտադրությունը՝ 4.6%։ Աճում է նաև փոխադարձ առևտուրը։
ՇՀԿ կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը կկայանա նոյեմբերին Մոսկվայում։
Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: