ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանը պատրաստ է մարդասիրական օգնություն և դեղորայք ուղարկել, ինչպես նաև այլ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Աֆղանստանին։
Ավելի վաղ աֆղանական «Սալամ Վաթանդար» ռադիոկայանը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդել էր, որ Աֆղանստանի Կունար քաղաքում երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 700 մարդ, շուրջ 1500 տուժած կա։ Աղետը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ Երկրաշարժը զգացվել է Քաբուլում և Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում (որոնք 200 կմ և 400 կմ հեռու են էպիկենտրոնից):
Առնվազն երեք հետցնցում է գրանցվել։
«Մեծ դժբախտության այս դժվարին պահերին, ցավակցություն և անկեղծ աջակցություն հայտնելով Աֆղանստանի մեծ ժողովրդին և սգացող ընտանիքներին` Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է, որ պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել, դեղորայք ուղարկել և այլ օգնություն ցուցաբերել», – ասվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Telegram–յան ալիքում։
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաղորդել էր, որ Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք 6.2 մագնիտուդով, օջախի 35 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ավելի ուշ EMSC-ն ճշգրտումներ արեց` նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ջելալաբադից 50 կմ հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը 10 կմ է եղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) էպիկենտրոնից մինչև Ջելալաբադ հեռավորությունը գնահատել է 27 կմ, օջախի խորությունը՝ 8 կմ, իսկ մագնիտուդը՝ 6.0: