Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Հնդկաստանի վարչապետը Չինաստանում

Հնդկաստանը սպասում է Պուտինի այցին՝ այս տարվա դեկտեմբերին երկու երկրների միջև 23-րդ գագաթնաժողովն անցկացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները հատուկ, արտոնյալ ռազմավարական գործընկերության մակարդակում են։
ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ այս տարվա դեկտեմբերի 25-ին լրանում է համապատասխան հայտարարության ընդունման 15 տարին։
Պուտինի խոսքով՝ կարելի է վստահ ասել, որ ռուս-հնդկական բազմակողմանի կապերը ակտիվորեն զարգանում են այս սկզբունքների հիման վրա։ Նա նշել է, որ առևտրատնտեսական համագործակցությունն ընդհանուր առմամբ դրական դինամիկա ունի, զարգանում են զբոսաշրջային փոխանակումները։
Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին. Պուտին
Հնդկաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ ռուս-հնդկական սերտ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն գլոբալ անվտանգության ապահովման համար։ Նրա խոսքով՝ ՌԴ առաջնորդի հետ յուրաքանչյուր հանդիպում տարբեր հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու հնարավորություն է տալիս։
«Մենք մշտապես կապի մեջ ենք, երկու կողմերի միջև կանոնավոր հանդիպումներ են անցկացվում բարձր մակարդակով։ Հնդկաստանի 1 մլրդ 400 մլն բնակիչներն այս տարվա դեկտեմբերին անհամբեր սպասում են Ձեզ մեր երկրների միջև կայանալիք 23-րդ ամենամյա գագաթնաժողովին», – հայտարարել է Մոդին։
Նա նաև ընդգծել է, որ Հնդկաստանը ողջունում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու բոլոր ջանքերը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուղիներ գտնել հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու համար։
Հիշեցնենք` առաջնորդների բանակցություններն ընթանում են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Պուտինի և Մոդիի առաջին հանդիպումն անցել է «ոտքի վրա», որից հետո Հնդկաստանի վարչապետը X սոցցանցում գրել է. «Միշտ հաճելի է հանդիպել նախագահ Պուտինի հետ»։ Գագաթնաժողովից հետո առաջնորդները նույն մեքենայով մեկնել են երկկողմ հանդիպման վայր։ Նրանք մոտ 50 րոպե զրուցել են դեմ առ դեմ։ Դրանից անմիջապես հետո սկսվել են ընդլայնված կազմով բանակցությունները։
Պուտինը Սի Ծինփինի հետ քննարկել է Ռուսաստան-ԱՄՆ շփումները