ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել ու կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով»,- նշված է հաղորդագրությաննմեջ։
Երրկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: